ԼՂՀ-ում սեպտեմբերի 25-ին վիրավորված զինծառայողներ Արման Ստեփանյանի եւ Արկադի Մուրադյանի վիճակը բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի վնասվածքաբանության բաժնի օրդինատոր, զինվորների բուժող բժիշկ Հայկ Գրիգորյանը։

«Արկադին ուսից վիրավոր է, Արմանը վիրավորվել է ոտքից։ Երկուսն էլ պետք է վիրահատության ենթարկվեն, ապաքինման ժամկետների մասին դեռ վաղ է խոսել, որովհետեւ ընթացքը կախված է նրանից, թե որքան արագ կլավանան վերքերը, ինչպես նաեւ ընդհանուր վիճակից։ Տղաները ծանր վիրավորվել են, շատ արյուն են կորցրել, սթրես են տարել։ Նրանց ապաքինման համար ժամանակ է հարկավոր»,- նշել է Հայկ Գրիգորյանը եւ հավելել, որ ընդհանուր կանխատեսումները դրական են։ «Կանենք ամեն բան, որպեսզի նրանք լիովին ապաքինվեն եւ շարունակեն ծառայությունը»,- նշել է բժիշկը։

Արկադի Մուրադյանի հետ կարճատեւ զրույցում նա ասաց, որ իրեն լավ է զգում՝ չնայած վիրավոր ձեռքի ցավերին։ «Դիմանում ենք»,- ժպտում է երիտասարդ զինվորը։

Նա մինչեւ վիրավորվելը ծառայել է 2 ամիս եւ ապաքինումից հետո պատրաստ է վերադառնալ շարային ծառայության։ «Ես անպայման կվերադառնամ եւ կշարունակեմ ծառայությունս»,- առանց կասկածի նշույլի անգամ կրկնեց Արկադի Մուրադյանը։

Այսօր վիրավորներին այցելել են նաեւ «Երկրապահ» կամավորների միության ներկայացուցիչները եւ նրանց մեդալներ են հանձնել։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 25-ին ժամը 17:30-ի սահմանում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման էր ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, ինչի հետեւանքով մահացու վիրավորվել էին ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.)  եւ Կարեն Գեւորգի Շահինյանը  (ծնված 1997թ.): Մարտակերտի եւ Երեւանի հոսպիտալներում գտնվում է 16 վիրավոր։