Երեւանում այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի եւ ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «Ժանգոտ կողպեքը» բաժին հասավ Արմավիրի քաղաքապետարանին, իսկ «ոսկե» բանալու» արժանացան 9 կազմակերպություններ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Վերջինս իր խոսքում նշեց, որ տեղեկատվության ազատության համաշխարհային վարկանշային ցուցակում Հայաստանի ցուցանիշը լավ է: Այնուհանձերձ, լրացուցիչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել հանրային քաղաքականության իրականացման եւ մշտադիտարկման գործում քաղաքացիների եւ քաղաքացիական հասարակության մասնակցությունը բարձրացնելու ուղղությամբ»:

ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը նշեց. «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Ոսկե բանալի եւ Ժանգոտ կողպեք ամենամյա մրցանակաբաշխության միջոցով ձեւավորում ու ամրապնդում է հրապարակայնության ու թափանցիկության ավանդույթները Հայաստանի կառավարման համակարգում։ Ոսկե բանալին եւ ժանգոտ կողպեքը դարձել են ազդեցիկ միջոցներ փակ եւ գաղտնի գործունեությունը հրապարակայնորեն քննադատելու, միաժամանակ բարձր գնահատելու պետական մարմինների բաց եւ թափանցիկ աշխատանքը»:

Մրցանակաբաշխության դրական մրցանակը՝ Ոսկե բանալին շնորհվեց հետեւյալ անձանց եւ կազմակերպություններին.

• Ամենաբաց գերատեսչություն, որը լավագույնս է կիրառում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, ճանաչվեց ՀՀ Կոտայքի մարզպետարանը: Կոտայքի փոխմարզպետ Կարեն Մարգարյանին Ոսկե Բանալի մրցանակը հանձնեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

• Տեղեկատվության ազատության լավագույն բարեփոխիչ ճանաչվեց ՀՀ արադարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Նրան Ոսկե բանալի մրցանակը հանձնեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սոռոկինը։

• «Բաց կառավարման գործընկերություն» միջազգային նախաձեռնության շրջանակում Հայաստանյան գործողությունների ծրագրի հանձնառությունները լավագույն իրականացման համար մրցանակ տրվեց ՀՀ կառավարության աշխատակազմին: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ, ԲԿԳ ազգային համակարգող Գուրգեն Դումանյանին Ոսկե բանալի մրցանակը շնորհեց ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարության, առողջապահության եւ սոցիալական բարեփոխումների գրասենյակի տնօրեն Ալիսոն Մքֆարլենդը։

• ԲԿԳ շջանակներում լավագույն նախագծի իրականացնող ճանաչվեց ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանին Ոսկե բանալի մրցանակը հանձնեց Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության ղեկավար Դեյվիդ Դոուլը։

• Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք ճանաչվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության կայքը: Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանին Ոսկե բանալի մրցանակը հանձնեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը։

• Տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ եւ լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն ճանաչվեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ն: ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանին Ոսկե բանալի մրցանակը շնորհում է ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

• Տեղեկատվութան ազատության խախտված իրավունքի համար ամենահետեւողական պայքարող իրավապաշտպան ճանաչվեց «Արնի Քընսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանը: Նրան մրցանակը հանձնեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Թափանցիկության եւ հաշվետվողականության փորձագետ Արեւ Մովսիսյանը։

• «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ամենաակտիվ օգտագործող լրատվամիջոց հայտարարվեց Երկիր Մեդիա հ/ը լրատվական-քաղաքական ծրագրերի բաժինը: Հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Հակոբյանին մրցանակը շնորհեց Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան։

• Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետեւողական լուսաբանած լրատվամիջոց ճանաչվեց Ազատության ռադիոկայանի հայաստանյան գրասենյակը: Ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին Ոսկե բանալի մրցանակը շնորհեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Նաիրա Սուլթանյանը։ Մրցանակաբաշխության բացասական խորհրդանիշը` Ժանգոտ կողպեքը, որպես փակ աշխատանքի խորհրդանիշ տրվեց.

Արմավիրի քաղաքապետարանին՝ որպես 2015թ.-ի ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ մարմին: