2015 թվականի սեպտեմբերի 24-ին հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային զինատեսակների եւ ականանետերի կիրառմամբ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծության հետեւանքով գյուղացիներին եւ համայնքային սեփականությանը պատճառվել են խոշոր չափերի նյութական վնասներ։
Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, թե ադրբեջանական մարտական հենակետերից իրականացված նպատակային գնդակոծության հետեւանքով վնասվել են Տավուշի մարզի Բերդավան համայնքին պատկանող «Գեղագիտական կենտրոնի» եւ երաժշտական դպրոցի շենքերը՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:
Զգալի վնասներ են կրել Բերդավանի, Այգեհովիտի եւ Պառավաքարի բնակիչները. գնդակոծության հետեւանքով վնասվել են գյուղացիների տները, գույքը, պտղատու այգիները։
Նշանակվել են ապրանքագիտական փորձաքննություններ՝ պատճառված գույքային վնասների չափերը պարզելու համար։
Քննության շրջանակներում կատարված զննությունների արդյունքում հայտնաբերվել են զինամթերքի, ականների բեկորներ, որոնց նկատամամբ նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

































