Գորիսի «Սդղի գյոլում» մայիսի 2-ին Զաքարյան եղբայրների առողջությանը վնաս հասցնելու մեջ մեղադրվող եւ հետախուզման մեջ գտնվող՝ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդուն այսօր՝ սեպտեմբերի 28-ին հայտնաբերել են: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Սուրիկ Խաչատրյանի եղբորորդուն՝ Մայիս Խաչատրյանին, հայտնաբերել են Գորիսի տարածաշրջանում ժամը 15:40-ի սահմաններում:
Նշենք, որ Մայիս Խաչատրյանը հետախուզվում էր հուլիսի կեսերից: Նրան մեղադրանք էր առաջադրել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասով (մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանության վնաս պատճառելը) և խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վիճաբանություն՝ դրանից ժամեր առաջ Գորիս քաղաքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի հետեւանքով վնասվել էր Մուշեղ Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։
Վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների նկատմամբ, որի հետեւանքով Մ. Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության, իսկ Հ.Զաքարյանին` ծանր մարմնական վնաս:




























