Փաստաբանի նկատմամբ ապօրինի հարուցված քրեական հետապնդումը մարդու իրավունքների խախտում է, որին պետք է համարժեք արձաքանքի տվյալ պետության Մարդու իրավունքների պաշտպանը: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին ուղղված նամակում նշել է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, որի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, այն բանի համար, որ վերջինը, ըստ քննիչի, հավաքագրել եւ տարածել է անձնական գաղտնիք համարվող տեղեկատվություն։

«Ես որպես պաշտպան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի համաձայն նախազգուշացված չեմ եղել քրեական գործից ստացված ապացույցը չհրապարակելու մասին, ինձնից չեն վերցրել ստորագրություն եւ չեն նախազգուշացրել պատասխանատվության մասին, իսկ տուժող կողմը չի միջնորդել, որպեսզի դռնփակ նիստ անեն, այսինք` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի համաձայն ես իրավունք ունեի այդ փաստաթուղթը հրապարակել, որն էլ արել եմ, բայց ըստ քննիչի գնահատմամբ այդ փաստաթուղթը ես հրապարակել եմ ապօրինի»,-նամակում նշում է Նիկոլայ Բաղդասարյանը:

Փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված նամակում գրել է, որ  այն գործողությունները, որոնց կատարման համար իրեն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով եւ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված փաստաբանի գործառույթներ են:

 «Փաստաբանն ապացույց հավագագրելու եւ այն հրապարակելու միջոցով է պաշտպանում իր վստահորդներին։ Համոզված եմ, որ կարիք չկա Ձեզ հիմնավորելու, որ փաստաբանին չի կարելի մեղադրել այնպիսի գործողություններ կատարելու համար, որոնք նախատեսված են օրենքով որպես փաստաբանի գործառույթ»,-ասվում է նամակում:

Նիկոլայ Բաղդասարյանը նամակին կից ներկայացրել է նաեւ Շենգավիթի վարչական համայնքի դատարանին ուղղված իր բողոքը, որտեղ կետ առ կետ նշված է ՀՀ քրեական դատավարթյան օրենսգրքի եւ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի այն հոդվածները, որոնց համաձայն փաստաբանը իրավունք ունի հավաքագրել ապացույցներ, այդ թվում նաեւ անձնական գաղտնիք պարունակող, ինչպես նաեւ այն դեպքերը, երբ փաստաբանը իրավունք ունի հրապարակել այդ ապացույցները:

Նշենք, որ ըստ քննիչի տրված բանավոր պարզաբանման՝ Նիկոլայ Բաղդասարյանին  մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ իրեն եւ փաստաբան Նազելի Վարդանյանին առանց վկա Տաթեւիկ Հովսեփյանի համաձայնության դատարանը քրեական գործից տրամադրել է ` 13.08.2013թ. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունից ՀՀ վերաքննիչ դատարան ուղարկված թիվ 701-րդ գրության պատճենը։ Նիկոլայ Բաղդասարյանի դեմ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով, այն է՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը: