Խաղաղություն ցանկացողը միշտ պետք է պատրաստ լինի պատերազմի, եւ այս տրամաբանությամբ էլ ՀՀ Զինված ուժերը գտնվում են մշտապես պատրաստ վիճակում:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Պնախարար Սեյրան Օհանյանն ու հավելել. «ՀՀ Զինված ուժերի զարգացումը մենք չենք պայմանավորում հարեւան Ադրբեջանի Զինված ուժերի կարողությունների առկայությամբ կամ դրանց բացակայությամբ»:

Այնուհետեւ անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հակաօդային պաշտպանության ռուսական С-300 համալիրներ վաճառելու խնդրին, Սեյրան Օհանյանն ասել է. «Ցանկացած սպառազինության ձեռքբերում ազդում է մեր տարածաշրջանի ուժերի հավասարակշռության վրա: Միաժամանակ պետք է նշեմ, որ հակաօդային պաշտպանության C-300 համակարգերի ձեռքբերումն ուղղակիորեն չի կարող ազդեցություն ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուժերի հարաբերակցության վրա, քանի որ դրանց կիրառումը Ադրբեջանի կողմից ՀՀ Զինված ուժերի դեմ հնարավոր բոլոր սցենարներում էլ կլինի անարդյունավետ: Մի պարզ պատճառով` որ այդ համակարգերին մենք առավել ծանոթ ենք, դրանք շահագործում ենք բավականին երկար ժամանակ եւ գիտենք նման համակարգերի արդյունավետության նվազեցման հնարավորությունները»: Հարցին, թե հայկական կողմը բարձրացրե՞լ է այդ հարցը վերջերս կայացած հայ-ռուսական բանակցությունների ընթացքում, Սեյրան Օհանյանը պատասխանել է. «Քանի որ պաշտոնական դիրքորոշում այդ ուղղությամբ չի եղել, նաեւ պաշտոնական առումով այս իրավիճակում քննարկումներ չեն եղել»:

Նա նաեւ հավելել է, թե չի կարծում, որ եթե ռուս- ադրբեջանական այդ գործարքը կայանա, այն ազդեցություն կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա: «Որովհետեւ մենք ռազմավարական գործընկերներ ենք, մենք միեւնույն ռազմաքաղաքական համակարգի անդամներ ենք, եւ մեր համագործակցությունը բավականին սերտ է: Նաեւ փոխադարձ պատրաստակամություն կա ցանկացած անվտանգության վերաբերյալ խնդիրների իրականացման ժամանակ փոխօգնության», - նշել է նա:

Դիտարկմանը, թե ՀՀ Զինված ուժերի արդիականացման հարցում շեշտը հեռահար ու գերճշգրիտ զինատեսակների վրա դնելը հնարավոր է կապ ունի Ադրբեջանի կողմից C-300 համալիրների հնարավոր ձեռք բերման հետ, Սեյրան Օհանյանն արձագանքել է. «ՀՀ Զինված ուժերը գերժամանակակից սպառազինությամբ համալրելու ծրագրերը կապված չեն C-300 համակարգերի ձեռք բերման մասին ասեկոսեների հետ, քանի որ, ինչպես նշեցի, այդ համակարգերը Ադրբեջանի ուժերին չեն տա անհրաժեշտ ռազմավարական առավելություն: ՀՀ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման հայեցակարգային զարգացումներն ունեն մի քանի պատճառներ: Առաջինը, թեեւ ձեռք բերման սկզբնական փուլերում կպահանջվեն զգալի ֆինանսական միջոցներ, սակայն երկարաժամկետ հեռանկարում այդ համակարգերի ձեռք բերումը տնտեսապես առավել նպատակահարմար է: Երկրորդը, նման սպառազինությունների ձեռք բերումը եւ հետագա շահագործումը պահանջում է բարձր տեխնիկական գիտելիքներով օժտված անձնակազմ: Այսինքն` ստեղծվում է արդիական գիտելիքներով օժտված մասնագետների երկարաժամկետ պահանջարկ երկրի ներսում: Երրորդը, հեռահար ու գերճշգրիտ համակարգերի օգտագործումը հնարավորություն է տալիս հավանական պատերազմի դեպքում նվազեցնել զոհերի թիվը նույնիսկ հակառակորդի քաղաքացիական բնակչության շրջանում` միաժամանակ ապահովելով նրա ռազմավարական օբյեկտների արագ ու ճշգրիտ խոցումը գործողությունների վարման տարածքի ամբողջ խորությամբ: Եվ վերջինն ու թերեւս ամենակարեւորը` այս սպառազինությունների կիրառումը ՀՀ Զինված ուժերում, առկա այլ համակարգերի հետ համատեղ, իրոք, նպաստում է Հայաստանի պաշտպանունակության ամրապնդմանը, ամրապնդում է ռազմավարական զսպման համակարգը»: