Աֆղանստանի բանակը ԱՄՆ ավիացիայի աջակցությամբ թալիբ գրոհայիններից հետ է խլել նախօրեին գրավված Քունդուզ քաղաքի բանտի եւ ոստիկանության վարչության շենքերը։ Արմատականների դիրքերի վրա գրոհը բարեհաջող է շարունակվում, հայտնում է պակիստանական Geo TV հեռուստաալիքը։

Նախօրեին «Թալիբան» շարժման գրոհայինները գրավել էին Քունդուզ քաղաքը։ Աֆղանստանի ազգային բանակը պատրաստ է եղել հարձակմանը, սակայն չի կարողացել հետ մղել արմատականների գրոհը եւ նահանջել է։

Աֆղանստանի իշխանությունները կատարվածի մեջ մեղադրում են օտարերկրյա հատուկ ծառայություններին։ «Թալիբ գրոհայինների գործողությունները համակարգվել են տարածաշրջանում որոշ պետությունների հատուկ ծառայությունների կողմից»,- ասված է Աֆղանստանի ՊՆ հայտարարության մեջ։

Վերլուծաբանների կարծիքով՝ օտարերկրյա հատուկ ծառայություններ ասելով՝ Աֆղանստանի իշխանությունները նկատի ունեն հարեւան Պակիստանի հատուկ ծառայություններին, որոնց նրանք բազմիցս մեղադրել են թալիբներին աջակցելու  մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։