Քաջարանի բժշկական կենտրոնում բուժվող հիվանդների՝ հեպատիտ C-ով վարակվելու գործով մեղադրյալ՝ ԲԿ փոխտնօրեն Վիրաբ Մանասյանը չի ցանկանում մեկնաբանել իր դեմ առաջադրված մեղադրանքը:
«Ես խոսել եմ քննիչների հետ, իրենց ամեն ինչ ասել եմ, չեմ ուզում լրատվամիջոցների հետ էլ խոսել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վիրաբ Մանասյանը:
Նա հայտնեց նաեւ, որ շարունակում է աշխատել բժշկական կենտրոնում:
Նշենք, որ բացի Վիրաբ Մանասյանից՝ Քրեական օրենսգրքի 277-րդ հոդված 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել նաեւ «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրեն Վարդան Ավագյանին, գլխավոր բուժքույր Արմեդա Վանեսյանին, ավագ բուժքույր Նորա Կարապետյանին, բժիշկ-անեսթեզիոլոգ Երվանդ Ավագյանին: Նրանց բոլորի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. հունվարի 17-ին տեղեկություն էր ստացվել, որ «Քաջարանի բժշկական կենտրոն» բուժօգնության դիմած մի քանի քաղաքացիների մոտ նշված կենտրոնում բժշկական միջամտության, վիրահատության ենթարկվելուց հետո ախտորոշվել է «հեպատիտ c» հիվանդություն:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Պարզվել էր, որ այս ընթացքում ընդհանուր անզգայացմամբ իրականացված վիրահատությունների ժամանակ միանգամյա օգտագործման համար նախատեսված ներշնչափողային խողովակները, արտածծիչ սարքի խողովակը եւ ծայրադիրներն օգտագործվել են բազմակի, նշված բժշկական գործիքները եւ ընդհանուր անզգայացման ժամանակ օգտագործված «լարինգոսկոպն» ախտահանվել են ՀՀ առողջապահության նախարարի մի շարք հրամանների պահանջների խախտումներով: Արձանագրվել են նաեւ սանիտարահամաճարակային ոլորտի այլ խախտումներ:




























