Երեւանի կենտրոնում սեպտեմբերի 21-ին ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը դիմել է Երեւանի Կենտրոնի քննչական բաժնի պետին, որպեսզի ապահովվի իր անձնական անվտանգությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկի փաստաբանը՝ Տիգրան Հայրապետյանը:
«Սմբատ Հակոբյանը դեռ սեպտեմբերի 26-ին դիմել էր ապահովելու իր անձնական անվտանգությունը, եւ համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի, այդ միջնորդությունը պետք է քննվեր անհապաղ եւ անմիջապես միջոցներ ձեռնարկվեին բավարարելու դեպքում, մինչդեռ անցել է 3 օրից ավելի, եւ ոչ մի միջոց չի ձեռնարկվում»,-ասաց փաստաբանը:
Փաստաբանը նշեց, որ Սմբատ Հակոբյանը հայտարարել է, որ մինչեւ չապահովվի իր անձնական անվտանգությունը, ինքը որեւէ ցուցմունք չի տա եւ որեւէ փաստաթղթի տակ չի ստորագրի, որեւէ հայտարարությունն չի անի:
Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ ազատամարտիկը դժգոհ է նաեւ դատարանի որոշումից, ըստ որի, գրավի դիմաց ազատ է արձակվել ծեծին մասնակցելու մեջ կասկածվող ձերբակալվածներից մեկը:
«Իբր ծանր հվանդության պատճառով նրան գրավի դիմաց ազատ են արձակել, եւ այդ որոշումը նույնիսկ չեն ուղարկել տուժողին, ինչը պարտավոր էին անել: Սմբատ Հակոբյանը վրդովված է այդ որոշումից եւ կարծում է, որ մի քանի օր առաջ ծեծի ակտիվ մասնակիցը չէր կարող ծանր հիվանդ լինել»,- հավելեց փաստաբանը:
Նշենք, որ ազատամարտիկը երեկ իր ցանկությամբ դուրս է գրվել հիվանդանոցից եւ բուժումը շարունակում է տանը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Երեւանի բնակիչներ Հ.Պետրոսյանին, Ա.Սարգսյանին եւ Ա.Գրիգորյանին սեպտեմբերի 26-ին մեղադրանք է առաջադրվել՝ մի խումբ անձանց կազմում, դիտավորությամբ Ս.Հակոբյանին ծանր մարմնական վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։ Քննիչը կալանավորման միջնորդություն էր ներկայացրել դատարան, որը բավարարել է այն, ապա նրանցից մեկին գրավով ազատ էր արձակել։
Նախաքննությունը շարունակվում է, քննություն է տարվում՝ կիրառված բռնությանը մասնակցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ դեպի ՀՀԿ գրասենյակ «Հայազն» կուսակցության անցկացրած «Ինքնիշխանության երթից» հետո սեպտեմբերի 21-ին մի քանի անհայտ անձինք հետապնդել են ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանին եւ ծեծի ենթարկել նրան Աբովյան փողոցում:




























