Հունաստանի հյուսիսում՝ Ամֆիպոլիսում Կաստա բլրի տակ հայտնաբերված դամբարանը կարող է պատկանել Ալեքսանդր Մակեդոնացու ընկեր ու հրամանատար Հեփեստիոնին, համարում է հնագիտական պեղումների ղեկավար Կատերինա Պերիստերին: Այդ վարկածը Պերիստերին ու ճարտարապետ Միխայիլ Լեֆանտզիսը ներկայացրել են Սալոնիկում Արիստոտելի համալսարանում կազմակերպված միջոցառման ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ամֆիպոլիսի դամբարանը համարվում է վերջին տասնամյակների ամենախոշոր հնագիտական հայտնագործություններից մեկը: Այն անվանում են թագավորական, այն շրջապատված է 500 մետրանոց մարմարյա պատով, իսկ դամբանաթմբի վրա հինգմետրանոց մարմարյա առյուծ է կանգնած: Բուն դամբարանում հայտնաբերվել է կարիատիդների, սֆինքսերի քանդակներ ու հոյակապ մոզաիկա: Ավելի վաղ ենթադրություններ էին առաջ քաշել, որ այստեղ կարող են թաղված լինել Ալեքսանդր Մակեդոնացու այրին՝ Ռոքսանան ու ու նրա որդին ՝ Ալեքսանդրը, որոնք սպանվել են Ք.ա 309 թ. Կասանդրոսի կողմից, Ալեքսանդրի մայրը՝ Օլիմպիադան, հրամանատար Հեփեստիոնը: Որոշ գիտնականներ չէին բացառում, որ Ամֆիպոլիսում կարող է թաղված լինել նաեւ ինքը՝ Ալեքսանդր Մակեդոնացին:
Պերիստերին վստահ է, որ դամբարանը պատկանում է Հեփեստիոնին, այդ մասին է վկայում բլրի գագաթին կանգնած հուշարձանի վրայի ՝ առյուծի հինգմետրանոց մարմարյա քանդակի վրա հայտնաբերված գրությունը «Ստացել է Հեփեստիոնը»:
«Ավելի քան 80 տարի այս գրությունն աչքի առաջ է եղել, առյուծի կողքին: Բայց ոչ ոք չէր նկատել այդ աննշան գրությունը մարմարի մակերեսին»,- ասել է Լեֆանտզիսը, նշելով, որ հուշարձանն անկասկած Ք.ա 4-րդ դարի վերջին քառորդին է պատկանում:
Պերիստերին հայտարարել է, որ այս ժամանակագրությունը հաստատված է նաեւ այս նույն ժամանակահատվածի այլ ստեղծագործություններով, որոնք պահվում են Հունաստանի թանգարաններում ու երկրի սահմաններից դուրս: Նրա կարծիքով, դամբարանը կառուցել է ճարտարապետ Դինոկրատեսը Ալեքսանդր Մակեդոնացու պատվերով ու փողերով:





























