Արարատի մարզի Լուսառատ համայնքի բնակիչները պնդում են, որ Գագիկ Ծառուկյանն իր խոստումը չի կատարել եւ նրան պատկանող՝ Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի Մասիսի խաղողի մթերման կայանը հրաժարվում է մթերել խաղողը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Լուսառատի բնակիչ Նելլի Ավետիսյանը հայտնեց, որ կայանը հրաժարվում է մթերել խաղողը, քանի որ իրենց լուսառատցիներ են:

«Գագիկ Ծառուկյանը մեզ հետ հանդիպմանն ասել էր, որ մթերելու ենք այնքան խաղող, ինչքան որ անցած տարի էր: Հորիցս՝ Ժորա Ավետիսյանից, անցած տարի գնել էին 10 տոննո խաղող: Այս տարի էլ նույն չափով, նույն սորտից հավաքեցինք, ամսի 28-ին տարանք գործարան, սակայն չընդունեցին: Տնօրենը հորս ասել էր, թե լուսառատցի ես, չեմ ընդունում»,- ասաց Նելլի Ավետիսյանը՝ նշելով, որ խաղողն ամբողջությամբ փչացել է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին գյուղացիների հետ հանդիպմանը ԱԺ գործարար պատգամավոր Գագիկ Ծառուկյանը հայտնել էր, որ թեեւ գործարանը խաղողի այնքան պահանջարկ չունի, որքան առաջարկում են գյուղացիները, այնուամենայնիվ ինքը կընդառաջի խաղողագործներին եւ արդեն հանձնարարել է սեպտեմբերի 21–ից ընդունել բերքը` կիլոգրամը 150 դրամով։

Նելլի Ավետիսյանի խոսքով՝ հնարավոր է՝ գործարանը իրենց գյուղից խաղող չի մթերում, քանի որ իրենք փակել էին միջպետական ավտոճանապարհը եւ պահանջել հանդիպում պատկան մարմինների հետ: