Միջազգային կազմակերպություններում Ադրբեջանի ակտիվ լոբբիստական գործունեությունը, որը հաճախ վերածվում է հայկական կողմի համար անբարենպաստ բանաձեւի,  արդեն միտում է դառնում եւ անհանգստություն հարուցում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է եվրաինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագծի մասին, որը քվեարկության է դրվելու սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում:

Նա ընդգծել է, թե Հայաստանը պետք է կանխի միջազգային կառույցներում նման փաստաթղթերի ընդունումն արտաքին քաղաքական գերատեսչության եւ ԱԺ-ի համակարգված աշխատանքի շնորհիվ: «Մենք պետք է վերայանենք արտաքին քարոզչության ռազմավարությունը, ավելի ակտիվ եւ նախաձեռնող լինենք, այլ ոչ թե հանդես գանք միայն պատասխանողի դերում»,- նկատել է Զոհրաբյանը:

Նշենք, որ «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագծում, որը ներկայացվելու է սեպտեմբերի 9-ին, մասնավորապես խոսք է գնում «ղարաբաղյան հակամարտության գոտում ժողովրդագրական պատկերի փոփոխության անթույլատրելիության, փախստականների վերադարձման անհրաժեշտության եւ դրա համար համապատասխան պայմանների ստեղծման, մշակույթի հուշարձանների եւ սրբավայրերի ոչնչացման անթույլատրելիության մասին»: