ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը օգոստոսի 24-ին պատասխանել է Հարավային Կովկասի իրավապաշտպան ցանցի հայաստանյան կազմակերպությունների այն նամակին, որով վերջիններս դիմել էին իրեն` Երեւան կայացած այցի ժամանակ` հուլիսի 5-ին: Ստորեւ ներկայացվում ԱՄՆ պետքարտուղարի նամակի թարգմանությունը:

«Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ հուլիսի 5−ի Ձեր նամակի համար, որտեղ դուք եւ Ձեր գործընկերները Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի հայաստանյան անդամ ՀԿ−ներից ինձ հետ կիսում էիք Ձեր մտահոգություններն առ այն, որ Հայաստանի համար հույժ կարեւոր են բարեփոխումները մարդու իրավունքների ու ժողովրդավարության ոլորտներում: Բարեբախտաբար, Հայաստանում կա ակտիվ քաղաքացիական հասարակություն, որը պատրաստ է իր մասնակցությունը բերել այս հիմնարար խնդիրներին ուղղված հարցերում եւ եռանդագին աշխատել՝ բարելավելու քաղաքացիական միջավայրը բոլոր հայաստանցիների համար՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից, մասնագիտությունից կամ հանգամանքներից:

Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի կառավարության եւ ժողովրդի հետ աշխատելու իր հանձնառությանն` ուղղված տարածաշրջանում ընդհանուր նպատակների ամրապնդմանը, որոնք ներառում են խաղաղությունը, կայունությունը, ժողովրդավարությունը եւ տնտեսական բարգավաճումը: Խիստ ողջունելի է, որ դուք մեծապես կարեւորում եք այն, որ ազատ խոսքի, ժողովրդավարական արտահայտման եւ մարդու իրավունքների հարցում  պետության կողմից ապահովվող պաշտպանությունը օգնում է տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության խթանմանը: Ինչքան ավելի մեծ պաշտպանվածություն է ապահովվում, այնքան ավելի կայուն ու անվտանգ է միջավայրը երկրի համար` ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու հարցում:

Միիացյալ Նահանգներն հավատացած է, որ այն նույն արժեքները, որ ծնունդ են տվել մեր պետությանը` որպես բաց ու ակտիվ ժողովրդավարության, ուր անսասան է հարգանքը մարդու իրավունքների, այդ թվում հստակ հանձնառությունը մամուլի ազատության ապահովման հանդեպ, ազատ եւ ծաղկուն հասարակության հիմքն են կազմում եւ հույժ կարեվոր են Հայաստանի ապագայի համար: Մենք պաշտպանում ենք այդ արժեքները եւ կշարունակենք մեր ձայնը բարձրացնել ի պաշտպանություն այդ արժեքների Հայաստանում եւ ողջ աշխարհում:

Հարգանքով՝  Հիլարի Ռոդհեմ Քլինթոն»

Հիշեցնենք, որ հայաստանյան մի խումբ իրավապաշտպան կազմակերպություններ Հիլարի Քլինթոնին ուղղված նամակում նրա ուշադրությունն էին հրավիրել ՀՀ ներքին իրավիճակի վրա, նշելով, որ 2008-ի նախագահական կեղծված ընտրություններից հետո, խորը հասարակական-քաղաքական ճգնաժամի լուծման համար պետք է անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, վերջ տալ այլախոհության համար հալածանքներին, իրականացնել մարտի 1-ի սպանությունների արդար հետաքննություն, բացահայտել եւ պատժել մեղավորներին, արդարացի փոխհատուցում տրամադրել զոհվածների հարազատներին, կատարել «Ա1+»-ի գործով եվրոպական դատարանի կայացրած վճիռը,  նաեւ բացահայտել ուժային կառույցներում խոշտանգումների ու սպանության դեպքերը: Նամակի հեղինակները այս խնդիրների լուծման գործում ակնկալում են ԱՄՆ-ի աջակցությունը: