Հայաստանի կառավարությունը որոշել է մաքսային օրենսգրքում փոփոխության նախագիծ ներկայացնել Ազգային Ժողովին, որով արգելվելու է ներմուծված ավտոմեքենաները մաքսային սահմանին ձեւակերպել «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով։
Պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը կառավարության նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է, թե այդ ռեժիմը հարկերից խուսափելու սողանցք է ստեղծում։ Այսպես՝ 2009 թ. 7 ամսում այդ ռեժիմով Հայաստան է ներմուծվել 32 հազ. ավտոմեքենա, իսկ 2010 թ.՝ 44 հազ.։ Ըստ Ալավերդյանի՝ այդ մեքենաների զգալի մասը ներկրվել են Հայաստանի քաղաքացիների կողմից։ Ալավերդյանը նաեւ զարմանք է հայտնել, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանը շարունակել է տասնյակ հազարավոր մեքենաներ ներմուծել։
Օրենքի ընդունումից հետո «ժամանակվոր ներմուծում» ռեժիմից կարող են օգտվել միայն օտարերկրացիները՝ մուտքի արտոնագրում նշված ժամկետի չափով։



























