ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ոստիկանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները գերազանցելու կապակցությամբ:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցներ են ձեռնարկվում հայտնաբերելու մասնավորապես 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Հանրապետության հրապարակում մեկ քաղաքացու, ավելի ուշ՝ Մաշտոցի պողոտայի շուկայի մոտից երկու քաղաքացու բերման ենթարկելիս նրանց նկատմամբ բռնություններ կիրառած ոստիկանության աշխատակիցներին:
Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է Հանրապետության հրապարակում քաղաքացու նկատմամբ բռնություններ կիրառած, հատուկ միջոց հանդիսացող ռետինե մահակներով հարվածներ հասցրած ոստիկաններից մեկի ինքնությունը: Նախաքննության տվյալներով՝ քաղաքացու նկատմամբ բռնություններ է կիրառել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ջոկի հրամանատար Գեղամ Հարությունյանը, ում, ձեռք բերված ապացույցների հիման վրա, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Որոնողական աշխատանքներ են կատարվում ոստիկանի կողմից բռնությունների ենթարկված քաղաքացուն հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով նախաքննությունն իրականացնող մարմինը խնդրում է բոլոր նրանց, ովքեր ականատես են եղել նշված միջադեպերին, տուժել են ոստիկանության աշխատակիցների գործողություններից կամ տեղեկություններ ունեն, հայտնել իրավապահ մարմիններին:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին ոստիկանությունը ուժով ցրեց ընդդիմության շուրջ 10 օր շարունակվող հանրահավաքը: Իսկ երեկոյան Երեւանի քաղաքապետարանին հարող տարածքում եւ Պարոնյան փողոցում զոհվեցին 10 հոգի, վիրավորվեցին տասնյակ մարդիկ:




























