«Որակով, գրագետ, տեղին»: Այսօր այսպես գնահատեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ-ում ներկայացրած երեք առաջարկները հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, որը, սակայն, հրաժարվել էր ստորագրել այդ առաջարկների տակ: «Նման առաջարկներ անելը բացարձակապես սխալ չէր: Զարմանալի կլիներ, եթե Զարուհի Փոստանջյանը նման առաջարկներ չաներ: Ես իրեն ասել եմ, որ ամբողջովին ընդունում եւ հասկանում եմ այդ մոտեցումները, որոնք շատ ողջամիտ էին ձեւակերպված»,- ասաց Հարությունյանը՝ միաժամանակ քննադատելով այդ առաջարկների տակ թուրք եւ ադրբեջանցի պատվիրակներին ստորագրել տալու փաստը. «Ես նորմալ չեմ համարում նորմալ դիմել այն պատգամավորներին, որոնց դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ շատ կանխակալ է: Սա շատ կոպիտ սխալ էր: Նա այդ խայծը կուլ տվեց»:
Վատը, ըստ Հարությունյանի, թուրքին եւ ադրբեջանցուն ստորագրել տալն էր: Ամենեւին չցանկանալով արդարացնել Զարուհի Փոստանջյանին, առնվազն տարօրինակ է իշխանության պահվածքը. եթե ընդդիմադիր պատվիրակին հաջողվել է թուրք եւ ադրբեջանցի պատվիրակներին ստորագրել տալ հայանպաստ կամ գոնե Հայաստանի շահերը չվնասող որեւէ փաստաթղթի տակ, ուրեմն, մեղմ ասած, որեւէ դատապարտելի արարք չկա: Հարությունյանը նաեւ մի պահ սկսեց մեղադրել երկու կողմերին՝ Զարուհի Փոստանջյանին դատապետող կամ արդարացնող ծայրահեղության մեջ:
Ի դեպ, Զարուհի Փոստանջյանը հայկական պատվիրակության անդամներին մեղադրել էր, թե նիտերին մասնակցելու փոխարեն մեր պատվիրակները զբաղված էին խանութներ եւ գեղեցկության սրահներ այցելելով կամ քեֆ անելով: «Երբեմն ինձ թվում է մենք անցնում ենք ցանկացած սահման, եւ ինձ համար ամենավատը դա է: Քննադատողները չափը շատ են անցել»,- տխրադալուկ ասաց պատվիրակության ղեկավարը, որն էլ պատասխանատու է մեր պատվիրակների վարմունքի համար: Դավիթ Հարությունյանը նաեւ չբացառեց, որ պատվիրակությունն իր հետ կոնյակ եւ նկարներ է տարել Ստրասբուրգ, բայց ոչ թե 30 արկղ, ինչպես տեսել էր Փոստանջյանը, այլ 6 շիշ կոնյակ եւ 3 հատ նկար, եւ այդ կոնյակն ու նկարները նվիրել են եվրապաշտոնյաներին:"Դա բնական դիվանագիտական պրակտիկա է: Վախեցած մարդու աչքերին շատ է երեւում",- Զարուհուն հիշեց Դ. Հարությունյանը:



















