Գիտնականները հետազոտել են մամոնտի ձագերի ժանիքի քիմիական բաղադրությունը եւ պարզել են, որ այդ կենդանիների վերացման մեղավորները մարդիկ են եղել։ Մամոնտների ժանիքների քիմիական կազմը հնարավորություն է տալիս որոշել, թե ինչով է սնվել կենդանին։ Հետազոտության է ենթարկվել 15 ժանիք, որոնք պատկանել են 3-ից 12 տարեկան մամոնտների, իսկ նրանց տարիքը տատանվել է 40-ից 10 հազար տարվա սահմաններում։ Գիտնականներն ուսումնասիրել են, թե ազոտ-14-ի եւ ազոտ -15-ի ինչ քանակություն է պարունակվում ժանիքների բջիջներում, տեղեկացնում է «Gazeta»-n։
Աշխատանքի արդյունքում պարզվել է, որ ազոտ-15 իզոտոպների քանակը ազոտ -14 իզոտոպների համեմատ նվազել է, ինչը վկայում է երիտասարդ մամոնտների սննդակարգում կարծր սննդի ավելացման եւ մայրական կաթի օգտագործման կրճատման մասին։ Հետազոտության հեղինակները պնդում են․ վերջին 30 հազար տարվա ընթացքում մամոնտների՝ մայրական կաթով սնվելու ժամանակահատվածը կրճատվել է՝ ութից հասնելով հինգի։ Հնէաբանների կարծիքով, դա մի բան է նշանակում․ հնագույն որսորդներն ակտիվորեն հետապնդել ու ոչնչացրել են մամոնտներին, ինչն ի վերջո հանգեցրել է նրանց վերացմանը։





























