Օգոստոսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամների հետ:

ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ազգային ժողովի նախագահը նշել է, թե սեպտեմբերի 15-ին լրանում է խորհրդարանի որոշմամբ հանձնաժողովին տրված հերթական ժամկետը եւ տեղյակ է, որ հանձնաժողովը պատրաստ է ներկայացնելու ամփոփ եզրակացություն: ԱԺ նախագահի համոզմամբ՝ խորհրդարանական հանձնաժողովի եզրակացությունը պետք է լինի հնարավորինս սպառիչ եւ անկողմնակալ, տա այն հարցերի պատասխանը, որոնք Ազգային ժողովի որոշմամբ դրվել են հանձնաժողովի առջեւ: Նա նշել է նաեւ, որ հանձնաժողովի եզրակացությունը կարեւոր է լինելու նաեւ ԵԽԽՎ-ի համար, որի վերջին՝ 1677 բանաձեւում արձանագրված է, որ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի զեկույցից պարզ կդառնա, թե արդյո՞ք անկողմնակալության ու վստահելիության չափորոշիչները բավարարված են, թե՞ կա լրացուցիչ քննության անհրաժեշտություն։ ԱԺ նախագահը իր խոսքում նշել է, որ տեղյակ է նաեւ այն դժվարությունների մասին, որ իր գործունեության ընթացքում ունեցել է հանձնաժողովը, տեղյակ է, որ միշտ չէ, որ պետական մարմինները, տարբեր պաշտոնյաներ ժամանակին եւ պատշաճ ձեւով են արձագանքել հանձնաժողովի դիմումներին եւ հարցապնդումներին, միշտ չէ, որ պատրաստակամ են եղել գալ հանձնաժողով եւ պատասխանել հարցերին։

Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ու անդամները ներկայացրել են իրենց տեսակետները Հովիկ Աբրահամյանի առաջադրած հարցադրումների վերաբերյալ: