Արմավիրի մարզում նախօրեին ծնված տարօրինակ կենդանին եղել է բադի կտուցով եւ կովի մարմնով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բամբակաշատի անասնաբույժ Եղիշ Կոստանյանը, որն ընդունել է ծնունդը:

«Երբ ինձ կանչեցին, սկզբում մտածեցի, որ օտար մարմին է պարզապես ընկերքի մեջ, հանեցի եւ հասկացա, որ բադի կտուցով եւ 4 ոտքով ինչ-որ կենդանի է: Ես 30 տարի է՝ անասնաբույժ եմ, իմ պրակտիկայում նման բան չեմ տեսել: Եղել է, որ հորթը ծնվել է 5 ոտքով, եղել է դեպք, որ հորթը միանգամից երկու սեռ է ունեցել, բայց բադի կտուցով՝ երբեք»,- ասաց անասնաբույժը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի բնակչուհի, 56-ամյա Անուշ Կոստանյանը հոկտեմբերի 18-ին վաղ առավոտյան փորձել է կովին կթել, չի կարողացել, քանի որ, ըստ նրա պատմածի` անհանգիստ կովը շարժումներ էր անում և չէր ենթարկվում իրեն: Անհանգստանալով այդ հանգամանքից, Անուշը խնդրել է, որ իրեն օգնության գա Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի անասնաբույժ Եղիշ Կոստանյանը:

Վերջինս նայելով անասունին, ասել է, որ նա վիժում է: Դրանից հետո անասնաբույժը ինքն իր ուժերով կովի միջից կարողացել է դուրս բերել ընկերքը, որի մեջ եղել է տարօրինակ կենդանի`թռչունի գլխով, կովի մարմնով: