Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Դմիտրի Գուդկովը որոշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բողոքել Կրեմլի վատ պահպանությունից: Երկուշաբթի, հոկտեմբերի 19-ին, նա պատգամավորական դիմում է ներկայացրել, որտեղ ասված է, որ Անվտանգության դաշնային ծառայությունը բավարար մակարդակով չի կատարում իր պարտականությունները:
Պատգամավորն իր դիմումը պատրաստել է այն բանից հետո, երբ նրան դիմել է դատապաշտպան Վադիմ Պրոխորովը, որը ներկայացնում է փետրվարի 27-ին սպանված Բորիս Նեմցովի դստեր՝ Ժաննա Նեմցովայի շահերը: Հետաքննությունը ԱԴԾ-ից խնդրել էր անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, որոնք պետք է արձանագրեին հանցագործությունը: Գերատեսչության պատասխանում ասված էր, որ տեսախցիկները ուղղված են դեպի Կրեմլի ներսը, եւ Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա ԱԴԾ-ն տեսադիտարկում չի իրականացնում, դրա համար էլ սպանության տեսագրությունը չունի, հայտնում է «ՌԲԿ»-ն:
«Վերոնշյալ օբյեկտում տեսախցիկների բացակայությունը կնշանակեր, որ նախագահի եւ մյուս հսկվող օբյեկտների պաշտպանության հարցում զգալի թերություններ կան, հետեւաբար տվյալ ծառայությունը պատշաճ ձեւով չի կատարում իր վրա դրված լիազորությունները»,- ասված է պատգամավորի դիմումում:
ԱԴԾ-ն ենթարկվում է անմիջապես ՌԴ նախագահին: Ծառայությունը ղեկավարում է բանակի 69 ամյա գեներալ Եվգենի Մուրովը:




























