Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունների վերականգնումն անխուսափելիորեն կսկսվի: Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը ՏԱՍՍ-ի «Առաջին դեմքեր» հատուկ նախագծի շրջանակում տված բացառիկ հարցազրույցում: Նա ընդգծել է, որ դա կախված է ոչ միայն Մոսկվայից, այլեւ մյուս կողմի կամքից:
«Վաղ թե ուշ կգա ժամանակը, երբ մեր երկրների միջեւ հարաբերությունները կվերականգնվեն, ես դրան հավատում եմ»,-ասել է Իվանովը՝ նշելով, որ դեռեւս «պաշտոնական Կիեւի հետ հարաբերությունները, հասարակ լեզվով ասած, շրիշակի մակարդակից ներքեւ են իջել»:
Միաժամանակ, Կրեմլի ներկայացուցիչը կոչ է արել ուշադրություն դարձնել երկու հանգամանքի վրա: «Նախ, ամեն բան տեղի է ունեցել ոչ Ռուսաստանի մեղքով, երկրորդ, Ուկրաինան հատուկ դեպք է, այնտեղ ապրում են միլիոնավոր ռուսներ»,-ընդգծել է Իվանովն ու հավելել, որ Ռուսաստանն ու Ուկրաինան, ըստ էության, մեկ ժողովուրդ են, եւ կարելի է ինչքան ուզեք վերաշարադրել պատմությունը, բայց դա էությունը չի փոխում:
Այդուհանդերձ, Իվանովի խոսքով, հարաբերությունները վերականգնելու համար վերը նշված հանգամանքները շարադրելը բավարար չէ: Նա նաեւ հույս է հայտնել, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ երկխոսությունը կբարելավվի մինսկյան ձեւաչափի ի հայտ գալուց հետո:




























