«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի միանա սահմանադրական փոփոխությունների շուրջ ձեւավորված ոչ «Այո»-ի, ոչ «Ոչ»-ի ճակատներին, կզբաղվի կուսակցաշինությամբ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը:

«Սերժ Սարգսյանը կվերարտադրվի եւ գործող, եւ նոր Սահմանադրության դեպքում: Դա կոմֆորտի հարց է: Մեր պայքարը ուղղված է գործող իշխանության դեմ, ինքը կվերարտադրվի շապիկով, թե վերարկուով, մենք պետք  դրա նկատմամբ անտարբեր լինենք»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ իշխանության դեմ պետք է պայքարել ինստիտուցիոնալ ընդդիմությամբ եւ այս պայմաններում անիրատեսական է իշխանափոխություն իրականացնելը:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող ուժերը «Ոչ»-ի ճակատ ձեւավորելով ու մարդկանց պայքարի դուրս գալու կոչեր անելով մեծ պատասխանատվություն են վերցնում իրենց վրա:

«Անձերի դեմ պայքարս ո՞րն է, ի՞նչ պատասխան են տալու հրապարակ բերած մարդկանց ամսի 7-ին, 8-ին: Ասելու են՝ իշխանությունը բիրտ էր ու անցնեն, գնան: Մենք չենք ուզում այդ պատասխանատվությունը մեզ վրա վերցնել: Մենք էդ ռեսուրսներն ու ժամանակը չունենք, որ մարդկանց հույս տանք: Մենք զբաղված ենք 2017թ. ընտրություններին ընտրատեղամասերում վստահված անձեր ունենալու եւ շտաբեր ձեւավորելու գործով»,- ասաց նա՝ նշելով, որ կուսակցությունը կոչ չի անի Սահմանադրական փոփոխությունների նախագծին «Ո՛չ» ասել:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ գործող  եւ նոր սահմանադրությունները չունեն թերություններ, խնդիրը դրանց կիրառման մեջ է:

«Սահմանադրությանը «ոչ» կամ «այո» ասելն ամենահեշտն է, պետք է ոչ միայն լեգիտիմ իշխանություն ստեղծել, այլեւ լեգիտիմ ընդդիմություն: Նոր սահմանադրության անցնել կամ չանցնելուց Հայաստանում ոչինչ չի փոխվի»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ ավելացնելով, որ կայացած ընդդիմություն ունենալու եւ իշխանափոխություն իրականացնելու համար անհրաժեշտ է ժողովրդի վստահության քվեն:

Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6–ին: