Արաբ երիտասարդությունը ինքնաթոր օղի է խմում, բջջային հավելվածների միջոցով պոռնկուհիների է փնտրում, սեքս-երեկույթներ է կազմակերպում, կանեփ է ծխում եւ անօրինական եղանակով վաճառում է հղիության դադարեցման դեղահաբեր, գրում է  Daily Mirror թերթը:

«Սաուդյան Արաբիան հպարտանում է իր կրոնականությամբ, բայց եթե ավելի խորը փորենք, այդ ամենն այստեղ մատչելի է խելամիտ գնի դիմաց», — ասել է պարբերականի աղբյուրը:

Թերթը որոշել է արաբ երիտասարդների օրինախախտումների մասին տեղեկություններ հրապարակել այն բանից հետո, երբ այս տարվա օգոստոսին Մեծ Բրիտանիայից եկած  74-ամյա Կառլ Անդրեն ձերբակալվել է մի շիշ տնական գինի ունենալու համար եւ դատապարտվել մտրակի 350 հարվածի, տեղեկացնում է Gazeta-ն:

Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի պետական գաղափարախոսությունը հիմնված է վահաբիզմի սկզբունքների վրա եւ օրենքի խախտման դեպում թույլ է տալիս այնպիսի պատիժներ, ինչպիսիք են հանրային ճիպոտահարությունն ու գլխատումը:  Սակայն դեպի Մեքքայի եւ Մեդինայի սրբավայրերը տանող ճանապարհներին՝ անապատում ծաղկում է անօրինական առեւտուրը:  

«Նրանք թունդ՝ 99-տոկոսանոց օղի են թորում եւ դա ազատորեն վաճառում են խոշոր քաղաքներում: Նման ինքնաթոր օղին անհամեմատ ավելի թունդ է տնական օղուց, որի համար ձերբակալվել էր Կարլ Անդրեն»,- ընդգծել է իր անունը չհայտնած աղբյուրը:    

«Հարուստ երիտասարդներն այնպիսի երեկույթներ են կազմակերպում, որոնք նույնիսկ արեւմտյան չափանիշներով կարող են խելագար թվալ: Հաճախ այդ տարածքում տաք բաղնիքներ են լինում, որտեղ մարդիկ սեռական հարաբերություն են ունենում», — պատմել է նա:

Իսկ սեւ շուկայում երիտասարդները երկրում արգելված՝ հղիության ընդհատման հաբեր են գնում: 

«Դա վայրի հակասությունների երկիր է», - ասել է պարբերականին իր անունը չհայտնած աղբյուրը եւ հավելել, որ ներգաղթյալներն ու աղքատները ստիպված են Սաուդյան Արաբիայում իսկական սարսափի մեջ ապրել: 

Աղբյուրը հավելել է, որ նման միջոցառումներին ինքնաթոր օղին ազատորեն վաճառվում է պլաստիկ բաժակներում, իսկ ոստիկանները  պատրաստ են կաշառքի դիմաց աչք փակել դրա վրա: Նա հայտնել է, որ հարուստ երիտասարդությունը տարված է այնպիսի թմրանյութերով, ինչպիսիք են կանեփը, ամֆետամինը, որոնք բերում են Սիրիայից եւ Եմենից: