Ռուս-ադրբեջանական հարաբերությունները Ռուսաստանի՝ Հարավային Կովկասում իրականացվող քաղաքականության մի մասն են՝ միտված տարածաշրջանում կայունության ապահովմանը։ Օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը։

Նրա հավաստմամբ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ վերջերս արած մի հայտարարությունից «խիստ հասկանալի դարձավ, որ տարածաշրջանում Ռուսաստանի ներկայությունը պայմանավորված է կայունության հաստատմամբ եւ պահպանմամբ, ինչի խախտողը կարող է լինել Ադրբեջանը»։

Անդրադառնալով ՀԱՊԿ պայմանագրով Ռուսաստանի ստանձնած պարտավորություններին՝ Զաքարյանը նկատեց, որ նույն այդ պարտավորությունների շրջանակներում մեր հյուսիսային հարեւանը անհրաժեշտության դեպքում կկանգնի Հայաստանի կողքին։ Լրագրողներից մեկի հարցին, թե կարելի՞ է եզրակացնել, որ Ռուսաստանը կսատարի նաեւ ԼՂՀ անվտանգությանը, Զաքարյանը կոնկրետ պատասխան չտվեց։ «Այն, որ Հայաստանի Հանրապետությունը եղել եւ մնում է Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը, անփոփոխելի փաստ է, որը կլինի բոլոր տեսակի զարգացումների, այդ թվում՝ ռազմական զարգացումների պարագայում, ինչի հավանականությունը պլյուս զրո է, եթե չասենք մինուս զրո»,- նշեց ՀՀԿ պատգամավորը՝ ավելացնելով, որ Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի յուրաքանչյուր ոտնձգություն Հայաստանն ընկալելու է որպես իր դեմ կատարված քայլ։