Ճապոնիայի ոստիկանությունը ձերբակալել է երկրում գործող խոշորագույն գանգստերական սինդիկատի՝ «Յամագուչի գումիի» ղեկավար Կենձի Էգուտիին։ Նրա հետ միասին կալանքի տակ են վերցրել եւս մեկ ազդեցիկ յակուձայի։ Այս մասին տեղեկացնում է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով երկրի քննչական մարմինները։

Գանգստերները ձերբակալվել են ապօրինի գործարքներ կատարելու համար ստեղծված կեղծ ընկերություն հիմնելու կասկածանքով։ Ոստիկանությունը փորձում է այս կերպ թուլացնել «Յամագուչի գումի» սինդիկատի կառուցվածքը եւ կանխել միջկլանային պատերազմը։

Սեպտեմբերին խմբավորման մի հատվածն առանձնացել էր սինդիկատից եւ ձեւավորել էր ինքնուրույն միավորում՝ 3 հազար անդամներով։ Իշխանությունները տագնապներ ունեն, որ նրանց միջեւ ցանկացած պահի կարող են արյունալի բախումներ սկսվել։ Այդ նպատակով ոստիկանությունը ձերբակալում է հակամարտող խմբավորումների ղեկավարներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։