Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելությունը Լեռնային Ղարաբաղում նոր ղեկավար ունի: Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Պատրիկ Վիալին:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ԿԽՄԿ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավարը շնորհակալություն է հայտնել բանակի հրամանատարին ընդունելության համար եւ նշել, որ չնայած սա իր առաջին այցն է Արցախ եւ այն ավելի շատ ճանաչողական բնույթ է կրում, նա տեղյակ է պաշտպանության բանակի ու ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի գերազանց աշխատանքի ու համագործակցության մասին եւ ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության նորանշանակ ղեկավար Դրագոսլավ Բլաժեւիչին:
ԼՂՀ ռազմական գերատեսչության ղեկավարը ողջունել է հյուրերին եւ շնորհավորելով ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի նորանշանակ ղեկավարին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հույս հայտնել, որ այսուհետ եւս համագործակցությունը պաշտպանության բանակի հետ կլինի արդյունավետ եւ կկառուցվի փոխըմբռնման մթնոլորտում:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաեւ հետագա համատեղ անելիքների եւ համագործակցության հեռանկարների շուրջ:




























