Տիգրան Սարգսյանի նշանակումը Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում շատ կարեւոր է Հայաստանի համար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
«Սա վկայում է մեր երկրի բարձր դիրքի մասին Եվրասիական տնտեսական միության մեջ, և նման պաշտոնը հատկապես անցման շրջանում Հայաստանին հանձնելը և նման բարձր կարգի տնտեսագետի, ինչպիսին Տիգրան Սարգսյանն է, կարծում եմ՝ խոսում է մեր ամուր դիրքերի մասին Եվրասիական տնտեսական միության մեջ»,- ասաց նա:
Մելիքյանի կարծիքով` Տիգրան Սարգսյանի ղեկավարման ընթացքում լուրջ առաջընթաց կարձանագրվի Եվրասիական տնտեսական միության մեջ, հատկապես տնտեսական, եւ ֆինանսական բնագավառում. «Այդ բլոկի կառավարումն արժանի մարդու է հանձնարարվում ու համոզված եմ, որ նրա աշխատանքը նաև բարձր կգնահատվի ԵՏՄ-ում»:
Դիտարկմանը, թե իր վարչապետության տարիներին երկրի տնտեսական վիճակն այնքան էլ բարվոք չէր, Գագիկ Մելիքյանը պատասխանեց, որ վարվող քաղաքականությունը ճիշտ էր, ուղղակի այդ տարիները համընկնում էին միջազգային տնտեսական ճգնաժամի հետ:
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիայի նախագահ:




























