Հայաստանի ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը այսօր՝ հոկտեմբերի 20-ի առավոտյան գրությամբ դիմել է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին եւ պահանջել վերականգնել Վանաձորի երեկոյան լուսավորության նախկին ռեժիմը:
Հենց քաղաքապետի կարգադրությամբ է հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում քաղաքի երեկոյան լուսավորությունը սահմանվել 18:00-19:00-ից մինչեւ 23:00-ը:
Պատգամավորն այս առնչությամբ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես, ասվում է.
«Այս առիթով իմ համաքաղաքացիներից ստացել եմ բազմաթիվ բողոքներ եւ, ըստ այդմ, հայտնել եմ, որ.
Տնտեսումներ իրականացնելը ժամանակի հրամայականն է, սակայն դրանք անհրաժեշտ է իրականացնել այն ոլորտներում, որտեղ կա նման հնարավորություն եւ դա խնդրահարույց չի լինի քաղաքի բնակչության համար: Մասնավորապես, քաղաքի լուսավորությունը երեկոյան եւ գիշերային ժամերին հատկապես ձմռանը կրճատելը խիստ խնդրահարույց է բնակչության անվտանգության եւ հանցավորության աճի հետ կապված:
Մյուս կողմից, անհրաժեշտ է հաշվի առնել, որ քաղաքում չափազանց շատ են անբարեկարգ փողոցները, ինչն իր հերթին կարող է գիշերային խավարում անցորդների կողմից վնասվածքներ ստանալու պատճառ հանդիսանալ: Այստեղ անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել, որ Վանաձորը, լինելով Հանրապետության 3-րդ քաղաքը, ամենախիտ բնակեցված բնակավայրերից է:
Միաժամանակ, հարկ է ընդգծել, որ Վանաձորը տուրիստների ներգրավման խնդիր ունի, սակայն եթե քաղաքը զուրկ է գիշերային լուսավորությունից, ապա այդտեղ չի կարող խոսք լինել գիշերային կյանքի մասին, հետեւաբար դա ունի խիստ բացասական ազդեցություն զբոսաշրջության զարգացման տեսանկյունից:
Այսպիսով, կողմ լինելով համայնքային բյուջեի միջոցների տնտեսման գաղափարին, առաջարկել եմ տնտեսումներ իրականացնել առավելագույնս հարիր բնագավառներում, օրինակ՝ քաղաքապետարանի եւ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների ուռճացված աշխատակազմի եւ այլ ոլորտներում, որոնց վերաբերյալ ծախսերը մշտապես քննադատության տեղիք են տվել:
Միաժամանակ ներկայացրել եմ, որպես տնտեսման խելամիտ տարբերակ, «LED» էներգախնայող լամպերի միջոցով քաղաքում լուսավորություն ապահովելու դեպքում էներգիայի եւ միջոցների խնայողության հաշվարկները:
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ պահանջել եմ չեղյալ համարել խնդրո առարկա կարգադրությունը եւ Վանաձոր քաղաքում ապահովել պատշաճ լուսավորություն, ինչպես որ նախկինում էր՝ մինչեւ ժամը 01:00-ն:




























