Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հարավային Օսիայի ղեկավար Լեոնիդ Տիբիլովի հայտարարությունը հանրապետության՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Իրականում, եթե ճիշտ եմ հասկանում, անմիջապես հանդիպման ընթացքում (Տիբիլովի հանդիպումը Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Սուրկովի հետ) նման հայտարարություն (հանրաքվեի հնարավորության մասին) չի արվել», - պարզաբանել է Պեսկովը՝ ընդգծելով, որ, այնուամենայնիվ, Հարավային Օսիայում Ռուսաստանի հետ ինտեգրացիայի շատ կողմնակիցներ կան:
Նրա խոսքով, Կրեմլում Հարավային Օսիան կոչում են «Ռուսական Դաշնության կողմից ճանաչված անկախ պետություն»:
«Դա անկախ պետություն է, որը Ռուսաստանի Դաշնությունը ճանաչել է եւ որի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ ունենք»,- նշել է Պեսկովը:
Ընդ որում, նա հրաժարվել է զարգացնել այդ թեման: «Ես ասել եմ, ինչ որ ասել եմ»:




























