Հարկային նոր օրենսգիրքը կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը, տնտեսության աշխուժացմանը եւ կոռուպցիոն ռիսկերը բացառելուն, ինչը, կարծում եմ, հեղափոխական քայլ է լինելու համակարգի համար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Ֆինանսների նախարարությանը կից Հարկային խորհրդում Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նշենք, որ նախագիծըհաստատվել է Կառավարության նիստում` հոկտեմբերի 8-ին:

Ըստ Գագիկ Խաչատրյանի, գնահատվել է նաեւ նախագծով առաջարկվող փոփոխությունների ազդեցությունը գործարար միջավայրի, մրցակցային միջավայրի, գնաճային հնարավոր ճնշումների, պետական բյուջեի հարկային եկամուտների մեծության, ինչպես նաեւ հարկային վարչարարության վրա:

Նախարարի խոսքով՝ բարեփոխումներն իրականացվելու են 3-5 տարիների ընթացքում, որպեսզի հնարավոր լինի հարկային համակարգում ապահովել կայունություն եւ սահունություն. «Բարեփոխումները բոլոր փուլերում ապահովելու են հարկային եկամուտների աճ, իսկ տնտեսության մրցունակության եւ ներդրումային գրավչության բարձրացման համար հարկային համակարգում հիմնական կշիռը տրվում է սպառման հարկմանը»:

Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը Հարկային օրենագիրքը որակելով որպես  հեղափոխական եւ համարձակ փոփոխություն, համոզմունք է հայտնել, որ 2018-ին օրենսգիրքի կիրարկմամբ կունենաք հնարավորինս ավելի կատարյալ համակարգ, ինչը կնպաստի գործարար ակտիվությանը, տնտեսական հարաբերությունների զարգացմանը: ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչ Յանուշ Շիրմերի դիտարկմամբ` նախագիծը մեկ քայլ առաջ է. «Համոզված եմ, որ այն կիրառության մեջ դնելուց հետո էապես կփոխվի բիզնես միջավայրը, առավել կդյուրացվի տնտեսվարողների աշխատանքը»: Նախատեսվում է, որ Հարկային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2018 թվականից: Իսկ մինչ այդ լայնածավալ քննարկումները կշարունակվեն մինչեւ 2016 թվականի փետրվար. այդ նպատակով նախատեսվում է  անցկացնել Հարկային խորհրդի 11 նիստ: