2015թ. տվյալներով ԱՄՆ-ում արդեն 338 ցմահ ազատազրկված 20-30 տարի անց արդարացվել է՝ ԴՆԹ փորձաքննությունների եւ իրեղեն ապացույցների պահպանման շնորհիվ, մինչդեռ Հայաստանում զմահ ազատազրկվածների գործերի վերաբացման ոչ մի նախադեպ մինչեւ այսօր չի գրանցվել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց հետաքննող լրագրող, «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ նախագահ Զարուհի Մեջլումյանը՝ նշելով, որ Հայաստանում վերաբացման ենթակա բազմաթիվ գործեր կան::
«Անկախությունից հետո դատապարտվածների 11 գործ ուսումնասիրեցինք, 3-ով ի հայտ եկան նոր հանգամանքներ, դրանք բավարար հիմք էին, որ վերաբացման վարույթներ սկսեին: Բայց դատախազությունը անսխալականի բարդույթով մերժում է վերաբացել գործերը՝ բացառելով, որ Հայաստանում հնարավոր են դատական սխալներ: Կամք չկա անդրադառնալու հին գործերին, հնարավոր դատական սխալներին: Բայց նման դատական սխալներ կան նաեւ շատ այլ զարգացած երկրներում»,- ասաց Զարուհի Մեջլումյանը:
Ցմահ ազատազրկվածների մեծ մասի դատավճիռների հիմքում, Զարուհի Մեջլումյանի խոսքով, դրված են նրանց ինքնախոստովանական ցուցմունքները, որոնք ճնշումների, սպառնալիքների ազդեցության տակ են գրվել: Որոշների դեպքում էլ բացակայում են անհրաժեշտ փորձաքննությունները, ինչի պարագայում հնարավոր չէ մեղքը հաստատված համարել:
Հայաստանում զմահ ազատազրկվածների գործերի փակվելուց հետո վերացվել են իրեղեն ապացույցները, ինչը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան Ռոբերտ Ռեւազյանի խոսքով, խնդիրներ է առաջացնում եւ սխալ պրակտիկա է:
«Որոշ գործերով վերաբացվելու դեպքում, իհարկե, կկանգնենք փակուղու առջեւ, քանի որ վերացվել են իրեղեն ապացույցները: Բայց մեծ մասի դեպքում մեղադրանք ապացույցների հիմքում ընկած են անձանց ինքնախոստովանական ցուցմունքները, որոնք էլ նրանք սպառնալիքների տակ են տվել»,- ասաց նա:
Նշենք, «Նուբարաշեն» ՔԿ-ում 50 ցմահ ազատազրկվածներ 4-օրյա հացադուլ էին հայտարարել՝ պահանջելով վերանայել իրենց գործերը: Միեւնույն ժամանակ նրանց ծնողները բողոքի ակցիա էին անցկացրել կառավարության շենքի դիմաց, այնուհետեւ նույն պահանջով նամակ ուղղել նախագահին:





























