Կանադան օրհնված է, որ իր հասարակության մասն են կազմում նաեւ հայերը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Ժնեւում՝ Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Կանադայի Սենատի խոսնակ Լեո Հուսակոսը: ԱԺ-ից ՀՀ NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Գալուստ Սահակյանը փաստել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը եւ խորացմանը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով:

Խոսելով հայ-կանադական բարեկամական հարաբերությունների մասին՝ Գալուստ Սահակյանը համոզմունք է հայտնել, որ Կանադայի անկեղծ վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ դրսեւորվել է նաեւ 2002 թվականին, երբ Կանադայի Սենատի կողմից ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ, որը վերահաստատվել է այս տարվա մայիսին: ԱԺ նախագահը նշել է, որ այս ամենը եւս մեկ անգամ ապացուցում է Կանադայի դիրքորոշումը, ըստ որի՝ մարդկության դեմ իրագործված նման ոճիրները պետք է դատապարտվեն եւ կանխարգելվեն:

«Մենք բարձր ենք գնահատում նաեւ Կանադայի հավասարակշռված եւ չեզոք դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ»,-եզրափակել է իր խոսքը Գալուստ Սահակյանը:

Կանադայի Սենատի խոսնակ Լեո Հուսակոսը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ երկու երկրները սերտորեն համագործակցում են:

«Կանադան օրհնված է, որ իր հասարակության մասն են կազմում նաեւ հայերը: Մենք հպարտանում ենք նրանցով»,-նշել է Սենատի խոսնակը:

Լեո Հուսակոսը վստահեցրել է, որ հայ-կանադական համագործակցությունը կշարունակվի եւ ավելի կամրապնդվի: Կանադայի Սենատի ղեկավարի խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին եւ սպառիչ պատասխաններ տվել ադրբեջանական ագրեսիայի եւ հայկական հակազդեցության վերաբերյալ:

Կողմերը խոսել են նաեւ Հայաստանի Հանրապետությունում սպասվող սահմանադրական բարեփոխումների մասին:

Հանդիպման ավարտին Սենատի խոսնակն ընդունել է Գալուստ Սահակյանի հրավերը եւ հայտնել, որ հաջորդ տարի պաշտոնական այց կկատարի Հայաստան: