Եվրամիության ապաստան տրամադրելու հարցերով գործակալության (EASO) ղեկավար հոլանդացի Ռոբերտ Վիսսերը հայտարարել է, որ կլքի իր պաշտոնը հոկտեմբերի վերջին՝ իր մանդատի լրացումից երեք ամիս առաջ, երեքշաբթի հայտնել է Politico ինտերնետային թերթը:
Ինչպես նշում է պարբերականը՝ նոյեմբերի 1-ից Վիսսերը կզբաղեցնի Նիդեռլանդների պետական խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնը, ինչի մասին արդեն տեղեկացրել է EASO –ի աշխատակազմին: Իսկ գործակալության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է լինելու վարչական խորհրդի ղեկավար Խոսե Կարեյրան: Ակնկալվում է, որ Եվրահանձնաժողովը նոր ղեկավար կնշանակի մինչեւ 2016 թ. փետրվարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես նշում է Politico-ն, Վիսերի հրաժարականը տեղի կունենա ԵՄ-ում միգրացիոն ճգնաժամի ամենաթեժ պահին ու Վալետայում այս խնդրին նվիրված գագաթնաժողովից երկու շաբաթ առաջ:
ԵՄ արտաքին սահմանների պաշտպանության Frontex գործակալության վերջին տվյալներով, 2015 թ. առաջին ինը ամիսներին Եվրամիության երկրների տարածք են ժամանել ավելի քան 710 հազար միգրանտներ: Եվրահանձնաժողովը հայտարարել է,որ սա աշխարհի ամենախոշոր միգրացիոն ճգնաժամն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:



























