Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը «Այո»-ի քարոզարշավին  չի միանալու: Այս մասին այսօր` հոկտեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ  Նարեկ Գալստյան` նշելով, որ իրենք առանձին քարոզարշավ են կազմակերպելու եւ մարդկանց բացատրելու, թե ինչ դրական տեղաշարժեր կարող է առաջացնել սահմանադրական փոփոխությունների նախագիծը։

«Մենք գնում ենք փորձնական ընտրությունների, փորձնական քարոզարշավի։ Կարծում եմ, որ սա լավ առիթ է առաջիկա խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար»․- ասաց Նարեկ Գալստյանը։

Նրա խոսքով, սահմանադրական բարեփոխումներին «այո»  ասելը Հնչակյան կուսակցության ծրագրային դրույթներից մեկն է եղել, նրա կարծիքով, խորհրդարանական կառավարման անցումը իշխանափոխության հնարավորություն է։ տալիս:

«Համոզված ենք , որ մեր երկրի առաջընթացի կարեւորագույն մասը խորհրդարանական կառավարման համակարգի անցումն է: Արդյոք «Ոչ»-ի կողմնակիցները, որոնք չեն հիմնավորում «Ոչ»-ի գաղափարական մասը, կարողանալո՞ւ են այս երկրում իշխանափոխություն իրականացնել, չեմ կարծում»,-ասաց Նարեկ Գալստյանը:

Նարեկ Գալստյանի խոսքով, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը շարունակելու է մնալ ընդդիմադիր քաղաքական կազմակերպություն, քանի որ ըստ կուսակցության անդամների` գործող քաղաքական համակարգը շահագործող եւ ոչ կենսունակ է:

Նշենք, որ 2015թ. հոկտեմբերի 17-ին, մեկնարկել էր ՍԴՀԿ 10-րդ համագումարը:  NEWS.am-ի հետ զրույցում Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ  Նարեկ Գալստյանը ասել էր, որ կուսակցությունը կողմ է քվեարկելու սահմանադրական փոփոխությունների նախագծին: