Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր՝ հոկտեմբերի 20-ին, տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ-ում ժողովրդագրական ներկայիս իրավիճակի եւ զարգացման միտումների վերաբերյալ:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2015-2017 թթ. ազգային ծրագրի նախագիծը, որը բխում է ՀՀ կառավարության 2014 թ. ծրագրից:

Նշվել է, որ ծրագրի նպատակը ժողովրդագրական կայուն զարգացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է՝ համակողմանի գնահատման եւ նպատակային միջոցառումների շնորհիվ: Քննարկվել են ինչպես ներկայում իրականացվող, այնպես էլ առաջարկվող միջոցառումները, դրանց ուղղությունները, ֆինանսական ծավալը եւ ակնկալվող արդյունքները:

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է աշխատանքային խմբի շրջանակում լրամշակել ներկայացված նախագիծը հնչած առաջարկություններով եւ վերջնական տարբերակը ներկայացնել ՀՀ կառավարություն: