ԵՏՄ անդամ-պետությունների զարգացման բանկերը ծրագրում են ակտիվացնել միջին բիզնեսին աջակցությունը: ԵՏՄ զարգացման բանկերի խորհրդի՝ հոկտեմբերի 20-ին Սոչիում կայացած հանդիպումից հետո այս մասին լրագրողներին ասել է «Վնեշէկոնոմբանկ»-ի նախագահ Վլադիմիր Դմիտրիեւը:

Խորհուրդը համաձայնեցրել է ներդրումային, առեւտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացման հարցում ԵՏՄ զարգացման ինստիտուտների համատեղ գործողությունների ծրագիրը: Կողմերը մտադիր են կոոպերացիոն հիմքի վրա ապրանքների արտահանման ֆինանսավորման ծրագրեր մշակել, համատեղ նախագծերի բանկ հիմնելու հնարավորություն ստեղծել:

«Սրանք նախագծեր են, որոնք կարող են երկկողմ նշանակություն ունենալ: Դրանք են ենթակառուցվածքները, լոգիստիկան, «Մետաքսե ուղու» տնտեսական գոտու շրջանակում հատուկ տնտեսական գոտիների եւ խոշոր կենտրոնների ձեւավորումը: Դա կապ ունի ոչ միայն Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, այլեւ, անկասկած, Արեւելյան եւ Արեւմտյան Եվրոպայի երկրների շահերի հետ»,- ասել է Դմիտրիեւը:

«Ինտերֆաքս Բելառուս»-ի փոխանցմամբ, Հայաստանի իշխանություններն առաջիկայում պետք է որոշեն, թե որ բանկն է խորհրդում ներկայացնելու հանրապետության շահերը:

Ներկայում Եվրասիական տնտեսական միությունում 5 պետություն կա. Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Հայաստան եւ Ղրղզստան: