Ռուսաստանի եւ Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Բաշար Ասադը անցած երեկոյան երկար բանակցել են Մոսկվայում, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Անցած երեկոյան աշխատանքային այցով Մոսկվա է այցելել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Նրա խոսքով, ՌԴ-ի նախագահը եւ Սիրիայի առաջնորդն առանձնազրույց են ունեցել, իսկ այնուհետեւ բանակցությունները շարունակել են ավելի լայն կազմով՝ Ռուսաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Բանակցությունները եղել են բավականին երկարատեւ, լիովին հասկանալի է, թե ինչ թեմաների շուրջ», - նշել է Պեսկովը: «Նախագահը (ՌԴ Վլադիմիր Պուտին) իր սիրիացի գործընկերոջ կողմից (Սիրիայի նախագահ Բաշար Ասադի) մանրամասնորեն տեղեկացվել է Սիրիայում իրերի դրության, հեռանկարային պլանների մասին», - ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նա հավելել է, որ հանդիպման ընթացքում առաջնորդները քննարկել են նաեւ Սիրիայում ռազմական գործողությունների ընթացքը, ՍԱՀ-ում ահաբեկիչների դեմ պայքարը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների տարբեր հարցեր:
Պեսկովը նշել է, որ մոտ ժամանակներս կհրապարակվեն երկու նախագահի զրույցի սկզբնամասի կադրերը, բանակցությունների այդ մասում երկու առաջնորդն էլ «բավականին ծավալուն հայտարարություններ» են արել:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը չի պատասխանել այն հարցին, թե կոնկրետ ինչ արդյունքներ են տվել բանակցությունները:





























