Տարեվերջին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հետ կապված մեծ հույսեր չկան։ Այս մասին հոկտեմբերի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Նորավանք» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ ողջ տարածաշրջանում նոր տրամաբանություն է հաստատվում։ «Դա առաջին հերթին վերաբերում է Թուրքիային եւ նրա համախոհ Ադրբեջանին։ Հնարավոր է, որ դա հանգեցնի նրանց կողմից ավելի ռեալիստական մոտեցումների»,- նշել է Հարությունյանը։

Ըստ նրա տպավորությունների՝ Թուրքիայում տիրող ճգնաժամի նման մի երեւույթ կա նաեւ Ադրբեջանում։ «Այդ առումով Ղարաբաղի հարցում Թուրքիայի սադրիչ քաղաքականությունը կմեղմանա։ Մեր հարեւան ադրբեջանցիներին զսպաշապիկ է հագցրել նաեւ Ռուսաստանը»,- ընդգծել է փորձագետը։ Նա կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին այլընտրանք չկա։ «Բայց, ըստ իս, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի խնդիրները կլուծվեն մի փոքր այլ ձեւաչափով։ Ակնհայտ է, որ հարցը չի լուծվի, քանի որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը տարբեր պատկերացումներ ունեն այն մասին, թե ինչպես պետք է լուծվի խնդիրը»,- հավելել է Գագիկ Հարությունյանը։