Մոսկովյան ոստիկանության աշխատակիցները «Սուրիկ» անունով օրենքով գողի են ձերբակալել, որը փախել էր տնային կալանքից: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի ԳՎ-ի մամուլի ծառայության պետ Անդրեյ Գալիաքբերովը: 

«Այս առավոտ Մոսկվայի ՔՀ-ի աշխատակիցները Արագ արձագանքման հատուկ ջոկատի աջակցությամբ մոսկովյան բնակարաններից մեկում ձերբակալել են Ուզբեկստանում ծնված  39-ամյա տղամարդու, որն իրեն այսպես կոչված «օրենքով գող» է համարում (քրեական մականունը՝ «Սուրիկ»)», - ասել է ոստիկանության ներկայացուցիչը:

Ավելի վաղ դատարանը «Սուրիկի» համար որպես խափանման միջոց էր ընտրել տնային կալանքը, ինչից հետո  ԴԿԴԾ-ի աշխատակիցները նրա թեւին էլեկտրոնային թեւնոց էին անցկացրել:  Սակայն քաղաքացին ջարդել է թեւնոցը եւ ինքնակամ լքել բնակության վայրը:  Ներկայումս նրա խափանման միջոցը փոխվել է. նա կալանքի է առնված», - նշել է Գալիաքբերովը:

«Փրայմ Քրայմի» տվյալների համաձայն, Անդիջանում ծնված ծագումով հայ Սուրեն Թավադովը 2005-ին թագադրվել է Դեդ Հասանի անձնական օրհնությամբ եւ, ինչպես չար լեզուներն են ասում, ոչ գեղեցիկ աչքերի համար: Ի տարբերություն իր եղբայրակիցների մեծամասնության, Սուրիկը մեծացել է հարուստ ընտանիքում եւ կապերի ու  1994-ին սպանված հոր թողած կապիտալի շնորհիվ ստիպված չի եղել փողոցում վաստակել իր օրվա ապրուստը: Թավադովի քրեական կարիերայի վերելքը սկսվել է Նովոռոսիյսկում, որտեղ նա եթե գողանում էր, ապա միլիոններ, որոնց շնորհիվ էլ իր համար գողականի թագ է ապահովել, որը գործնական վեճեր պարզելիս նրա համար հատուկ իրավունքներ եւ անձեռնմխելիություն է  ապահովում: 

Ավանդական ընկալմամբ, Սուրիկը չի մասնակցել գողական շարժմանը, չի ներկայացել հավաքների, ոչ մեկի հետ խնդիր չի ունեցել: Իր գողական կոչումը նա չի ցուցադրել, դրա համար էլ Դեդ Հասանի կլանից դուրս ոչ ոք նրան չի ճանաչում որպես գողի:   Շքեղության եւ նրբին ուտեստների սովոր մարդու համար կալանքի առնվելն ու ձերբակալության պայմանները, ներառյալ՝ սպանության հետաքննության ուղղությամբ օպերատիվ աշխատանքը այնքան էլ հաճելի փորձություն չեն լինի: Կարեւորն այն է, որ Սուրիկը պիտի պաշտպանի իր տիտղոսը եւ բանտային հանրության առաջ ապացուցի դրա հիմնավորվածությունը: