Սիրիայում իր ներկայությամբ Ռուսաստանն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԻՊ-ի դեմ վիրտուալ պայքարը փոխարինել է իրական պատերազմով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Նրա խոսքով, Թուրքիան բոլոր միջոցներով աջակցում է իսլամիստներին եւ պայքարում քրդական ուժերի դեմ: Քաղաքագետի փոխանցմամբ, Թուրքիան հայտնվել է բավական ծանր վիճակում, եւ ռուսական հարվածներն, առաջին հերթին, ուղղված են հենց իրենց դեմ:
«ԵՏՄ հարեւանությամբ անկայունության գոտի է ստեղծվում, հետեւաբար Ռուսաստանը ստիպված է ներգրավվել Մերձավոր Արեւելքի իրավիճակին: Սա որեւէ կերպ չի կարելի համեմատել Աֆղանստան ներխուժման հետ»,-ընդգծել է Գագիկ Հարությունյանը:
Ռուսական ավիացիան, նրա խոսքով, բավական մեծ հաջողություններ է արձանագրում, քանի որ օգտագործում է սիրիական եւ իրաքյան հատուկ ծառայությունների տվյալները: «Դժվար է ասել, թե ինչով այս ամենը կավարտվի, բայց արդեն կան առաջին արդյունքները. «Իսլամական պետությունը» դադարել է հաղթող միավոր լինել: Արդեն տարածքներ են ազատագրվում ԻՊ-ից: Դեռ վաղ է ասել՝ կհանգեցնի՞ դա վերջնական հաղթանակի, քանի որ մենք գործ ունենք ցանցային կառույցի հետ: Բայց ես լավատեսորեն եմ տրամադրված, քանի որ չնայած որոշակի սկզբունքային տարաձայնություններին, մենք ականատես ենք Ռուսաստանի եւ Արեւմուտքի երկխոսությանը»,-հավելել է Հարությունյանը:




























