Դրեզդենի դատախազությունը հետաքննություն է սկսել գերմանաբնակ, ծագումով թուրք գրող Աքիֆ Փիրինչիի դեմ, որին մեղադրում են երկուշաբթի տեղի ունեցած ցույցի ժամանակ  ատելության կոչեր հնչեցնելու մեջ։ Այս մասին գրում է  Die Welt գերմանական թերթը։ Ինչպես նշել է գլխավոր դատախազ Լորենց Հասեն, Փիրինչին ցույցի ժամանակ վիրավորական արտահայտություններ է արել գերմանացի քաղաքական գործիչների հասցեին, որոնք թույլ են տալիս փախստականներին մտնել Գերմանիա։ «Ցավոք ներկայումս համակենտրոնացման ճամբարները շահագործելու իրավունք չկա»,- ասել է Փիրինչին։ Դատախազությունն այդ արտահայտությունը որակել է որպես «անթույլատրելի հայտարարություն»։

Նշենք, որ 1959թ. Ստամբուլում ծնված թուրք գրողը 10 տարի առաջ է տեղափոխվել Գերմանիա։ Նրա աշխատությունները, որոնցում գլխավոր հերոսները կատուներն են, արդեն վաճառվել են միլիոնավոր նմուշներով։ 2014թ. Փիրինչին բացահայտորեն անցել էր օտարերկրացիների, մուսուլմանների եւ նույնասեռականների դեմ ծայրահեղական գաղափարներ քարոզնելուն։

Հիշեցնենք, որ երկուշաբթի Գերմանիայի Դրեզդեն քաղաքում աջ արմատական հայացքների հարող «Հին աշխարհի իսլամականացման դեմ պայքարող եվրոպացի հայրենասերներ» շարժման անդամներն ու համախոհները իրենց հիմնադրման մեկամյակի կապակցությամբ ցույցի էին դուրս եկել, որի ժամանակ ցուցարարների տարբեր խմբերի միջեւ բախումներ էին տեղի ունեցել։

Ցույցի ընթացքում հավաքվածների առաջ ելույթ է ունեցել Աքիֆ Փիրինչին, որը հայտարարել էր, թե փախստականները օկուպացրել են Գերմանիան։