Երեւանի կենտրոնում սեպտեմբերի 21-ին ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:

Նշենք, որ ծեծի ենթարկված ազատամարտիկն ասել էր, որ ճանաչել է իրեն ծեծողներից մեկին` ոմն Տիգրան, որը, ազատամարտիկի տեղեկությամբ, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից է։ Տիգրանին հրավիրել են ոստիկանություն, Ռուբեն Հայրապետյանը NEWS.am–ի հետ զրույցում ասել է, որ իր թիկնազորում Տիգրան անունով մարդ չկա, իսկ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին անվանել էր խաբեբա:

Հիշեցնենք, որ դեպի ՀՀԿ գրասենյակ «Հայազն» կուսակցության անցկացրած «Ինքնիշխանության երթից» հետո սեպտեմբերի 21-ին մի քանի անհայտ անձինք հետապնդել են ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանին եւ ծեծի ենթարկել նրան Աբովյան փողոցում: Սմբատ Հակոբյանը ՀՀԿ գրասենյակի մոտ հակաիշխանական բովանդակությամբ ելույթ էր ունեցել, ինչի պատճառով էլ, ըստ կուսակցության անդամների, նրան ծեծի են ենթարկել: