Ես կցանկանայի, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մնար Ռուսաստանում եւ իր մարդկանց հանգիստ թողներ։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, տեղեկացնում է  Gazeta –ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։

«Մենք կարծում ենք, որ Սիրիայի կառավարությունն այլեւս լեգիտիմ չէ, եւ մեր դիրքորոշումը այդ հարցում չի փոխվել։ Սիրիայում պետք է անցումային փուլ սկսվի, որը կապահովի Ասադի հրաժարականը»,- նշել է Դավութօղլուն։

Թուրքիայի վարչապետի կարծիքով Ասադի այցը Մոսկվա վկայում է ռուսական կառավարության կողմից բացահայտ աջակցություն ստանալու մասին։

Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նախօրեին աշխատանքային այցով ժամանել էր Մոսկվա։ Այսօր նա արդեն վերադարձել է Դամասկոս։