ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ Մյասնիկյանի արձանի դիմացի նստարանին բնակություն հաստատած Մկրտչյանների ընտանիքը 3-րդ ձմեռը կանցկացնի բաց երկնքի տակ:
Մկրտչյանները, որոնք երեք տարի Ֆրանսիայում բնակվելուց հետո ապաստանի հայցի մերժման պատճառով 2010թ. Ֆրանսիայի կառավարությունից 5,500 դոլար օգնություն էին ստացել, կամավոր եկել Հայաստան ու հիմա չեն կարողանում օրինական կերպով մեկնել Ֆրանսիա, վիզայի տրամադրման պահանջով մեկ անգամ են նամակ ուղարկել Ֆրանսիայի դեսպանատուն, պատասխանը դեռ չեն ստացել:
«Ես իմ նամակը գրել եմ, խնդիրս ներկայացրել, եկել, նստել, սպասում եմ պատասխանին: Բայց նստացույց չենք անում, մենք այստեղ պարզապես ապրում ենք: Մարդիկ կան, որ մեզնից էլ վատ պայմաններում են ապրում»,- NEWS.am-ին ասաց ընտանիքի հայրը:
Մկրտչյանների խոսքով` իրենցով ոչ ոք չի հետաքրքրվում բացի «Եհովայի վկաների» կրոնական կազմակերպության հետեւորդներից, մուրացկաններից, ու հազվադեպ էլ՝ սովորական քաղաքացիներից:
«Եկեղեցականներն էլ գալիս են, 50 դրամ դնում, գնում: Ոչ մի ուրիշ մարդ էլ չի հետաքրքվում մեզնով: Ինձ նախորդ տարի խփել էին քնած ժամանակ: Գնացի, բողոքեցի, դատաբժշկական փորձաքննություն անցա, բայց ոչ մի գործ էլ չհարուցվեց»,- ասաց ընտանիքի հայրը:
Մկրտչյանները, այնուամենայնիվ, վստահ են, որ մի օր իրենց խնդիրը լուծում կստանա, ու կկարողանան գնալ Հայաստանից:
Նշենք, որ Մկրտչյանների հետ նստարանին ապրում են նրանց զավակները՝ 20-ամյա Լիլիթը եւ 17-ամյա Արշակը: Երեխաները գիրք են կարդում, ինքնակրթությամբ զբաղվում:
Նշենք, որ 2010թ. Հայաստան գալով Մկրտչյանների ընտանիքը բնակություն էր հաստատել Գյումրիում: Երեք տարի ընտանիքն այնտեղ ապրել է վարձով, երեխաները հաճախել էին դպրոց:





























