Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետի փոփոխությունը կապված չէ սահմանադրական հանրաքվեի նախապատրաստական աշխատանքների հետ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում տեղի ունեցած կարճ խորհրդակցությունից հետո լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետի տեղակալ, գնդապետ Անուբաղ Համբարյանը՝ ավելացնելով, որ  Մնացական Բիչախչյանը նշանակումը ոստիկանության բարեփոխումների շրջանակում իրակականացված կադրային փոփոխություն է:

«Սա ուղղակի կադրային փոփոխություն է: Կադրային փոփոխությունների քաղաքականությունը միշտ եղել է եւ կլինի ոստիկանությունում: Հավաստիացնում եմ, որ ընտրությունների հետ կապված որեւէ բան չկա, սուտ հեյրուրանքներ են, նմանատիպ բաներ չկան»,-նշեց փոխոստիկանապետը:

Անուբաղ Համբարյանի խոսքով՝ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության նախկին պետ Միշա Սարդարյանը շուտով այլ աշխատանքի կանցնի համակարգում:

«Նախկին ղեկավարը վերցված է կադրերի տրամադրության տակ եւ մոտ ժամանակներս նոր աշխատանքի կնշանակվի»,-ասաց Համբարյանը:

Փոխոստիկանապետը նշեց, որ չի կիսում այն կարծիքը, թե ոստիկանությունը ցուցում է ստացել սահմանադրական հանրաքվեին ընդառաջ տարբեր միջոցներով սատարել սահմանադրական փոփոխությունների ՀՀԿ քարոզչական շտաբը ղեկավարող, վարչապետ Հովիկ Աբրահամյանին: 

«Ոստիկանությունն ամեն ինչ անելու է հասարակական կարգ պահպանելու եւ օրինականություն հաստատելու համար, ոստիկանության պետն է նման ցուցում տվել: Մենք ծառայում ենք ժողովրդին եւ օրենքին»,-ասաց Անուբաղ Համբարյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հոկտեմբերի 20–ին աշխատանքից ազատվել է ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Միշա Սարդարյանը: Սարդարյանին փոխարինելու է նրա տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը: Հիշեցնենք, որ Միշա Սարդարյանը նշանակվել էր 2014թ. հունիսի 12-ին: