ՀՀ բնապահպանության նախարարության հանձնարարությամբ Կապան քաղաքի «Պերեմենի» կոչվող թաղով հոսող դեղին գույն ստացած գետակից նմուշառում է արվել՝ լաբորատոր փորձաքննության համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարությունից՝ նշելով, որ մանրամասներ կհաղորդվեն փորձաքննության արդյունքները պատրաստ լինելուց հետո:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը ահազանգ է ստացել, որ Կապան քաղաքի «Պերեմենի» կոչվող թաղով հոսող գետակն ամբողջովին դեղին գույն ունի: Ըստ ՀԲՃ-ի՝ գետակը մինչեւ Կապան հասնելը անցնում է Կավարտի լքված հանքավայրի տարածքով, այնուհետեւ լցվում է Ողջի գետը:





























