Հոկտեմբերի 17-18–ը Լոռու մարզում տեղի ունեցած հայաստանյան առաջին ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) ֆորումի մասնակիցները ապահովագրված չեն անհանդուրժող քաղաքացիների հարձակումներից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «ՓԻՆՔ Արմենիա»-ի ներկայացուցիչ Նվարդ Մարգարյանը` կարծիք հայտնելով, որ հայերի մոտ նույնասեռականների նկատմամբ անհանդուրժողականությունը  եւ ատելությունը դժվար թե երբեւէ իսպառ վերանա, սակայն վերաբերմունքի փոփոխություն կլինի:

«ՓԻՆՔ Արմենիա»-ի նախագահի խոսքով` Հայաստանում նույնասեռականները ստիպված են բազմաթիվ խնդիրների առջեւ կանգնել հասարակության բացասական վերաբերմունքի պատճառով: 

«Եթե բացեք ցանկացած լրատվական կայք եւ դրանց ֆեյսբուքյան էջերը, ու կարդաք ֆորումի արձագանքները, կհասկանաք, որ դա ամենամեծ խնդիրներից մեկն է: Նույնասեռականները ստիպված են ամեն օր կարդալ, լսել վառելու հրապարակային կոչեր, ISIS-ին են հրավիրում արդեն, որ կախաղան հանեն իրենց: Ֆորումի տարածված լուսանկարում գտնվող ոչ մեկը ապահովագրված չէ, որ ինչ-որ մեկը հարձակում չի գործի իր վրա`հանգեցնելով անդառնալի հետեւանքների»,-նշեց Նվարդ Մարգարյանը:

Նույնասեռականներին «ոչնչացնելու» կոչերը, ըստ Մարգարյանի, առաջին անգամ չեն արվում: Վիրավորական մեկնաբանությունների առնչությամբ «ՓԻՆՔ Արմենիան» նույնիսկ մի քանի անգամ դիմել է Գլխավոր դատախազություն, սակայն բողոքներն այդպես էլ վարույթ չեն ընդունվել:

«Մենք առաջին անգամ չէ, որ նմանատիպ լուսանկարները նման մեկնաբանություն են ստանում ընդհանուր հասրակության կողմից, բայց ամեն անգամ, երբ դիմում ենք դատախազություն այդ մեկնաբանությունների համար, պատասխանը գալիս է, որ հանցակազմի բացակայության պատճառով գործերը կարճվում են»,-նշեց նա:

Նվարդ Մարգարյանի խոսքով`Հայաստանում նույնասեռականների նկատմամբ բացասական կարծրատիպերը տեղեկացվածության պակասի հետեւանք են:

«Տեղեկատվական բաց կա, որ այդ կարծրատիպերը չեն վերանում, ավելին` խորանում են: Բացասական վերաբերմունքը ոչ միայն հասարակ քաղաքացիների, այլեւ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից է խրախուսվում»,-ասաց Մարգարյանը:

«ՓԻՆՔ Արմենիա»-ի նախագահը հավելեց, որ առաջիկայում Հայաստանում ԼԳԲՏ անձանց ֆորումներ չեն նախատեսվում: Իսկ առաջին ֆորումի ընթացքում մասնակիցներն իրեն առջեւ ծառացած խնդիրները լուծելու ռազմավարական քայլեր են մշակել, որոնց մասին, սակայն, բարձրաձայնել չցանկացավ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 17-18–ը Լոռու մարզում «ՓԻՆՔ Արմենիա»-ի նախաձեռնությամբ  տեղի է ունեցել Հայաստանում առաջին ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) ֆորումը` «Ծիածան» խորագրով։

Ֆորումի նպատակն էր կառուցել ԼԳԲՏ շարժումը Հայաստանում, քննարկել ԼԳԲՏ անձանց հիմնախնդիրները և միասին մշակել ռազմավարություն և քայլեր` Հայաստանում հոմոֆոբիայի հաղթահարման համար:

Միջոցառմանը ներկա է եղել մոտ 40 մասնակից, թե´ ԼԳԲՏ համայնքից, թե´ նրանց համախոհներից: