Իրաքյան Բայջի քաղաքից դեպի հյուսիս ընկած Ասրի-Շիմալի շրջանում հայտնաբերվել են զանգվածային գերեզմաններ, որոնցում  «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման անդամների մարմիններ են եղել կուտակված: Այդ մասին հինգշաբթի օրը տեղեկացրել է իրաքյան Ռազմական տեղեկատվության կենտրոնը:  

Կենտրոնի հայտարարության մեջ նշվում է, որ «բանակի կողմից Բայջի քաղաքը ԻՊ-ի զորամիավորումներից ազատելուց հետո քաղաքում  19 զանգվածային գերեզման է հայտնաբերվել, որոնցում առնվազն  365 ահաբեկչի մարմին կա. այդ գրոհայինները կռվել են կառավարական զորքի դեմ»: Կենտրոնի տվյալների համաձայն, ԻՊ-ը «փորձել էր թաքցնել Բայջիի համար մղվող մարտերում ծայրահեղականների ավելացող կորուստները, դրա համար էլ գրոհայիններն իրենց սպանվածներին թաղել են մի քանի ընդհանուր գերեզմանում», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ հենց Ասրի-Շիմալիում էին տեղակայված ԻՊ-ի դիրքերի հիմնական ամրությունները եւ ահաբեկիչների գլխավոր հավաքակայանը, որտեղից նրանք զինված գրոհներ եւ ահաբեկչական գործողություններ էին կազմակերպում կանոնավոր բանկի եւ կամավորական խմբերի դեմ:

Անցյալ ամռանը ԻՊ խմբավորումն ակտիվ հարձակողական գործողություններ էր սկսել Իրաքի հյուսիսում: Ներկայումս նրա զինված խմբերը վերահսկում են երկրի մինչեւ մեկ երրորդը: