Հայաստանը ընդառաջել է Իսրայելի խնդրանքին եւ բարի կամք է դրսեւորել։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գնդապետ Աշոտ Ահարոնյանը՝ մեկնաբանելով իսրայելական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները։
«Իսրայելի կառավարությունը խնդրանքով դիմել էր Հայաստանի իշխանություններին՝ թույլատրել Արիկ Մարտոյանին լքել Հայաստանի սահմանները Իսրայելում կիսատ մնացած ծառայությունը շարունակելու համար։ Հայկական կողմը ընդառաջել է Իսրայել Պետության խնդրանքին եւ, բարի կամք դրսեւորելով, արտոնել է Մարտոյանին, լքել Հայաստանի տարածքը»,- նշել է Ահարոնյանը եւ հավելել, որ, բնականաբար ամեն բան արվել է օրենքի շրջանակներում։
Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 22-ին իսրայելական մի քանի լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել, իբր Մարտոյանին Հայաստանից դուրս բերելու համար հատուկ գործողություն է իրականացվել։ Մարտոյանը 6 տարեկանում տեղափոխվել էր Իսրայել, իսկ երկու ամիս առաջ Հայաստան էր եկել հարազատներին տեսնելու, որտեղ էլ ձերբակալվել էր։ Դրանից հետո Իսրայելը դիվանագիտական խողովակներով դիմել էր Հայաստանին՝ իր երկրի քաղաքացուն վերադարձնելու խնդրանքով։
Իսրայելի Կնեսետի պագամավոր, Իսրայել-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Տալի Պլոսկովը եւս նշել է, թե ՑԱԽԱԼ-ի զինծառայողին Հայաստանն է հանձնել Իսրայելին որպես բարի կամքի դրսեւորում։
































