Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է նախօրեին դեսպանության տարածքում ինքնասպանության փորձ կատարած տղամարդու դեպքին:
NEWS.am-ին դեսպանատան մամուլի ծառայությունից դեպքի վերաբերյալ մասնավորապես հայտնեցին. «Երեկ օրվա երկրորդ կեսին դեսպանության անվտանգության աշխատակիցները նկատել էին, թե ինչպես մի մարդ չարտոնված կերպով ներխուժել էր դեսպանության տարածք: Դեսպանության անվտանգության աշխատակիցներն արագ վնասազերծել էին տարածքը, կասեցրել այդ անհատին, ում մոտ դրսևորվում էին անհավասարակշռության ակնհայտ նշաններ, և նրան փոխանցել ՀՀ ոստիկանությանը: Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ պատկան մարմիններին օպերատիվ և արդյունավետ արձագանքման համար, և շարունակում ենք սերտորեն համակարգել աշխատանքները»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 21-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը 38-ամյա հայ տղամարդ է փորձել ինքնասպանություն գործել: Ըստ ոստիկանության լրատվական ծառայության՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ազգությամբ հայ տղամարդը սպառնացել է ինքնավնասել իրեն: Բարեբախտաբար, տղամարդը մտադրությունը ավարտին չի հասցրել:



























